Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շարքային պատգամավորները երկու տարվա ընթացքում ավելի քան 1,5 մլն ֆունտ ստեռլինգի այցեր են կատարել, որոնք վճարվել են օտարերկրյա պետությունների, լոբբիստական խմբերի եւ ընկերությունների կողմից, գրում է բրիտանական «The Independent»-ը:Ըստ պարբերականի` բրիտանացի պատգամավորները 41 հազ. ֆունտ ստեռլինգ են ստացել Ադրբեջան այցելելու համար:
Պահպանողական Բոբ Բլեքմենը 6600 ֆունտ արժողությամբ երկու այցելություն է կատարել Ադրբեջան, բոլոր ծախսերը հոգացել է ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը: Առաջին այցը կայացել է 2011թ. մայիսին, որից հետո խորհրդարանում քննարկումների ժամանակ նա հայտարարել էր, թե Ադրբեջանը «մեծ առաջընթաց ունի որպես ժողովրդավարական հանրապետություն»:Բլեքմենը նաեւ պաշտպանել էր Ադրբեջանին ` Հայաստանի հետ նրա դիվանագիտական դիմակայության հարցում եւ կոչ է արել կառավարությանը ակտիվացնել տնտեսական կապերն այդ երկրի հետ: Նա անգամ իր խոսքում չի հիշատակել այդ երկրում մարդու իրավունքների վիճակի մասին:
Այն դեպքում, երբ 2012թ. մամուլի ազատության ինդեքսով Ադրբեջանը 179 երկրների թվում 162-րդն էր: Մյուս պատգամավորները բարձրացրել էին մարդու իրավունքների հարցը: Բլեքմենը «The Independent»-ին հայտնել է, որ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը կապվել է իր հետ, եւ հաջորդ այցի ժամանակ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպմանը ինքը կբարձարացնի այդ հարցը: Միաժամանակ նա պաշտպանել է իր որոշումը. «Կարծում եմ պատգամավորների խնդիրներից մեկն այն է, որ նրանք խոսում են մինչեւ տեսնելը: Բրիտանիան մեծ ներդրումներ է կատարել Ադրբեջանում, եւ, ինչպես նշեց նախարարը քննարկումների ընթացքում, դա արժեքավոր այցելություն էր»:




























