Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի քայլերը դժգոհություն են հարուցել ոչ միայն հանրության, այլեւ նրա մերձավորների շրջանում: Իրենց պաշտոններն են լքել նրա երկու խորհրդականները: Պաշտոնից առաջինն ինքնակամ հրաժարվել է գրող եւ ղպտիական եկեղեցու ներկայացուցիչ Սամիր Մորկուսը, այնուհետեւ՝  հրապարակախոս Սակինա Ֆուադը, հաղորդում է  Al-Jazeera-ն:

Նախագահական վարչակազմի նախկին անդամների խոսքով՝ իրենց դեմարշի պատճառը պետական հիմնական օրենքը խախտելուն մասնակցելու ցանկության բացակայությունն է։

«Դատելով որոշումներից՝ նախագահը որեւէ մեկի խորհրդի կարիքը չի զգում», - ընդգծել է Ֆուադը։

Հիշեցնենք, որ սահմանադրական հայտարարագրում «փոփոխութուններ» կատարելու որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել եգիպտական հասարակության տարբեր  շերտերում` այն բաժանելով երկու ճամբարի:

Մ. Մուրսիի որոշման հակառակորդների եւ կողմնակիցների բախումները չի հաջողվել կասեցնել Ալեքսանդրիա քաղաքում: Ըստ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունների` 25 մարդ  վիրավորվել է: Կահիրեում բախումներից հաջողվել է խուսափել, իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկման տակ:

Rbc-ն հաղորդում է, որ քաղաքի կենտրոնի Թահրիր հրապարակում շարունակվում է բողոքի ցույցը, մասնակիցները հայտարարել են, որ  մտադիր են այն անցկացնել առնվազն մեկ շաբաթ: Բացի դրանից, ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է «միլիոնների երթ» անցկացել։