Մոսկվայում դատարանը տնային կալանքի է ենթարկել պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնանկության պատճառ դարձած «Օբորոնսերվիս» ընկերության գործի գլխավոր մասնակիցներից մեկին՝ Եվգենյա Վասիլեւային: Հենց նա էր սահմանում, թե որ գույքն այլեւս պետք  չէ բանակին, հետո շուկայականից բավականին ցածր գներով այդ գույքի վաճառքի որոշում կայացնում: Վասիլեւան մեղքը չի ընդունել։

Եվգենյա Վասիլեւային մեղադրանք են ներկայացրել ՔՕ 159-րդ հոդվածի երրորդ մասով` «Առանձնակի խոշոր  չափի խարդախություն»:

Դատարանում հայտնել են, որ Վասիլեւային արգելվում է լքել տարածքը, շփվել  շրջապատի հետ՝ բացի պաշտպաններից: Նրան չի թույլատրվում օգտվել կապից, այդ թվում` համացանցից: Վասիլեւան խնդրել է 15 միլիոն ռուբլի գրավի դիմաց ազատել իրեն:

Առաջիկա երկու ամիսը Վասիլեւան կանցկացնի Մոլոչնայա նրբանցքի իր շքեղ 13 սենյականոց բնակարանում, որը խուզարկությունից հետո մի քիչ «աղքատացել է», հաղորդում է  vesti.ru-ն:

Այդ  ժամանակ առգրավվել էին կես տասնյակ գեղարվեստական կտավներ, այդ թվում՝  ռուս դասականների բնօրինակներ, զարդերի մի ամբողջ թանգարան, ադամանդե քարերով 120 ոսկե մատանի:

«Կոմերսանտը» ուշադրություն է հրավիրում  «քննության կողմից մեղադրյալի նկատմամբ լիբերալ վերաբերմունքի վրա»: Քննչական մարմինների աղբյուրներն ակնարկել են, որ  Ե. Վասիլեւայի տնային կալանքի վերաբերյալ որոշումը «առաջարկել էին» այլ գերատեսչությունից: