Եվրամիության անդամ երկրների առաջնորդներն առայժմ եվրոպական բյուջեի հարցում համաձայնության չեն եկել։ Նրանք 2014-2020 թթ. ֆինանսական բազմամյա ծրագրի մասին կարող են պայմանավորվել հաջորդ տարեսկզբին, Բրյուսելում ԵՄ  անդամ պետությունների գագաթաժողովի ավարտին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը: 

Ռոմպեյն ասել է, որ բյուջեի քննարկումը կշարունակվի առաջիկա շաբաթներին, սակայն նա չի ակնկալում, որ այս տարի կհաջողվի համաձայնության հասնել: Միության անդամ պետությունների առջեւ ծառացած հիմնական խնդիրը հարուստ եւ աղքատ երկրների միջեւ փոխզիջում գտնելու դժվարությունն է:

Գագաթաժողովի ավարտին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բացասական է գնահատել ԵՄ-ի կառավարման մարմինների աշխատանքը, իսկ  2014-2020 թթ. երկարաժամկետ բյուջեի Միության առաջարկած տարբերակը որակել է «անընդունելի», հայտնում է rbc-ն: 

Եվրահանձնաժողովը մեկ տարի առաջ 2014-2020 թթ.  ֆինանսկան ծրագրի օրինագիծ էր ներկայացրել, որի հիման վրա նախատեսվում է կազմել ԵՄ-ի ամենամյա ընդհանուր բյուջեները: Յոթ տարվա ընթացքում բյուջեի ծախսերը առաջարկվում են 988 միլիարդ եվրո ծավալով, եկամուտները` մինչեւ 1,03 տրիլիոն եվրո: