Հատուկ ստեղծված հանձնաժողովը Մեխիկոյի իշխանություններին խորհուրդ է տվել Հեյդար Ալիեւի հուշարձանը տեղափոխել մեկ այլ վայր՝ դա հիմնավորելով փողոցի ճարտարապետական գերծանրաբեռնվածությամբ։ Ադրրբեջանը սպառնացել է դադարեցնել Մեքսիկայում արվող ներդրումները, եթե հուշարձանը կենտրոնական փողոցից տեղափոխեն։
«ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտառովը նշել է, որ եթե իշխանությունները հուշարձանի տեղափոխման որոշում կայացնեն, Ադրբեջանը կդադարեցնի 4 մլրդ դոլարի ծավալով ներդրումները։
«Իսկ ծայրահեղ միջոցը կլինի դեսպանատան փակումը», - ասել է Մուխտառովը։
Նա նաեւ ընդգծել է, որ շատ բան կախված է առաջարկվող վայրից. Եթե ավելի լավ տեղ առաջարկվի, կարող է համաձայնեն։ Դիվանագետի խոսքով՝ Հեյդար Ալիեւի անվան մշակութային կենտրոն ստեղծելու եւ հուշարձանը դրա տարածքում տեղադրելու միտք է արտահայտվել։ «Կարող ենք կենտրոնը կառուցել, բայց այնտեղ մեկ այլ հուշարձան տեղադրել, ամեն դեպքում, բանակցությունները շարունակվում են», - ընդգծել է Մուխտառովը։
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մեխիկոյի իշխանությունները հանձնաժողով էին ստեղծել Ալիեւի հուշարձանի տեղափոխման հարցը քննարկելու համար, քանի որ այն հարուցել էր բնակիչների դժգոհությունը, ովքեր պահանջում էին «Ազատվել բռնապետից»։
Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանը 2012թ. օգոստոսին տեղադրվել էր Բարեկամության զբոսայգում՝ ադրբեջանական կողմի միջոցներով։





























