Պաշտոնական Բաքուն պատրաստ է «ներել» տարբեր ժամանակներում Լեռնային Ղարաբաղ այցելած մարդկանց , որոնց համար մուտքն Ադրբեջանի տարածք դրանից հետո արգելված է։ Այդ մասին SalamNews-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը։ Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս ադրբեջանական կողմը Արցախ այցելած բոլորին «պերսոնա նոն-գրատա» էր ճանաչում։

Էլման Աբդուլաեւը նշել է, որ այդ մարդիկ «կարող են դիմել Ադրբեջանի համապատասխան կառույցներ եւ նրանց դիմումները կքննարկվեն։ «Սեւ ցուցակը» չի վերաբերում Ադրբեջանի թույլտվությամբ Արցախ այցելող մարդկանց։

«Սեւ ցուցակում» են բազմաթիվ քաղաքագետներ, մշակույթի գործիչներ։ Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում են նույնիսկ տիեզերագնացներ Չարլզ Դյուկեն եւ Կլոդ Նիկոլը, որոնք Ստեփանակերտում մասնակցել էին «Մարդն ու տիեզերքը» գիտական կոնֆերանսին։ Վերջերս Ադրբեջանի տարածք թույլ չեն տվել մտնել նաեւ դաղստանցի երգիչ Թիմուր Թեմիրովին, «Բիլայն-Ղազախստան» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բայրամ Ազիզովին։ «Սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ Ռուսաստանի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։