Էոցենի դարաշրջանի դիատրիմա թռչունը ոչ թե գիշատիչ է եղել, այլ «խաղաղ խոտակեր»։ Արեւմտյան Վաշինգտոնի համալսարանի ուսումնասիրողներն այս եզրակացությանն են հանգել 2009թ. հայտնաբերված հետքերի ուսումնասիրությունից հետո։

Հետքերում բացակայում են գիշատիչին հատուկ ճիրանները, գրված է Palaeontology ամսագրի հոդվածում։

Շատ հաճախ գիտական հետազոտություններում եւ գիտահանրամատչելի ֆիլմերում երկու մետրանոց, հսկայական գլխով եւ կտուցով չթռչող դիատրիման ներկայացվում է իբրեւ վայրագ գիշատիչ։

Կենդանաբան Ջորջ Մաստոյի խոսքով՝ թռչունը «գիշատիչների էվոլյուցիայի ընթացքում փոխարինել է դինոզավրերին»։

Հետքերի ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, թե ինչով է սնվել վիթխարի թռչունը։ Ամենահավանական վարկածով՝ հիմնական սնունդ են ծառայել անտառներից հավաքած տերեւները, մրգերը, սերմերը, գրում է  BBC-ն։

Դիատրիմայի առաջին կմախքը գտնվել է ԱՄՆ-ում։