Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն արժանի է ամեն տեսակ հավանության, սակայն այնքան էլ հասկանալի չէ նրա վարքը՝ Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
Մեկնաբանելով Մոսկվայի հայտարարությունը՝ թուրք-սիրիական սահմանին ամերիկյան Petriot հրթիռային համալիրներ տեղակայելու հետ կապված, փորձագետը նշեց, որ ռուսական կողմի գնահատականը բավական կոշտ էր: «Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն արժանի է ամեն տեսակ հավանության: Լավ կլիներ, եթե նման սկզբունքայնությունը մշտական բնույթ կրեր»,-ասաց ԱրկադիԳրիգորյանը, հավելելով, որ թուրքական կողմն, ամենայն հավանակությամբ, ՀՀՊ համակարգերի տեղակայման հայտարարված մրցույթում կանգ կառնի Patriot-ի վրա:
«Այդ համատեքստում այնքան էլ հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը, որը նույնպես մասնակցում է մրցույթին»,-նկատեց փորձագետը:
Միաժամանակ, նա ընդգծեց, որ Սիրիային առնչվող Թուրքիայի մտահոգությունները հորինված են: «Իրականում սպառնալիքներ այդ կողմից չկան, կամ գրեթե չկան»,-կարծում է ռազմական փորձագետը:
Մոսկվան դատապարտել է թուրք-սիրիական սահմանի երկայնքով Patriot զենիթային հրթիռների համալիրներ տեղակայելու պլանները, որոնք Անկարան խնդրել է ՆԱՏՕ-ից: Ավելի վաղ Սիրիայի տարածքից բաց թողնված ականներն արդեն մի քանի անգամ ընկել են սահմանակից թուրքական քաղաքների վրա եւ Անկարան դրանով է արդարացնում սահմանի երկայնքով Patriot-ներ տեղակայելու որոշումը:
Թուրքիան, բնականաբար, լռում է, որ այդ տիպի զենիթահրթիռային համալիրները նախատեսված են սկզբունքորեն այլ նպատակների՝ օդանավերի, նաեւ թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ խոցելու համար:
ՆԱՏՕ-ն արդեն երկու անգամ ժամանակավորապես Թուրքիայում Patriot համակարգեր է տեղակայել, 1990-ական եւ 2000-ական թվականներին Իրաքում առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ:




























