Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր՝ նոյեմբերի 24-ին, տեղի է ունեցել Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի կազմակերպած «Ոչ տեխնիկական հետազոտություն» ուսումնական ծրագրում ներգրավված մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: Ուսուցման ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 17-ը: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կատարելագործել են իրենց տեսական գիտելիքները, իսկ երկրորդ` գործնականում մասում հմտացել են Սյունիքի մարզում:
Վկայականները հանձնել եւ ծրագրի մասնակիցներին ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Արարողությանը ներկա էր նաեւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, ով տեղեկացրել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում նախատեսվում է ոչ տեխնիկական հետազոտություն իրականացնել մինչեւ 2013թ. ապրիլը:



























