«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է ժամանակ շահել առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության հետ կապված որոշման հրապարակման հարցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա կարծիքով, ԲՀԿ-ի որոշմանը կարելի է սպասել հաջորդ շաբաթվա վերջին:

Ինչ վերաբերում է այդ որոշման բովանդակությանը, ապա ըստ փորձագետի, շատ բարդ է գուշակել այն: Նրա կարծիքով, ավելի շուտ դա կլինի ընտրություններին մասնակցելու որոշում, բայց ԲՀԿ-ն կսպասի ՀՀԿ-ի հետ բանակցությունների վերջնական արդյունքներին:

«Գլխավոր ինտրիգն այդ բանակցությունների արդյունքն է, մնացածն այդ գործընթացից է բխելու»,-ընդգծեց Մինասյանը:

Նշենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013 թվականի փետրվարին: Գլխավոր ինտրիգներից մեկը ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափն է եւ ընդդիմությունից միասնական թեկնածուի առաջադրումը:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի/NEWS.am