Ուկրաինայում այսօր հարգանքի տուրք են մատուցում 1932-1933թթ. Գոլոդոմորի զոհերի հիշատակին: Միլիոնավոր զոհերի հիշատակի երթեր կանցկացվեն ողջ աշխարհում: «Վառիր մոմ» ակցիան, որն արդեն ավանդական է դարձել, տեղի է կունենա Կիեւի  ժամանակով ժամը 16:00-ին: Ժամը 19:32-ին երկիրը զոհերի հիշատակը կհարգի մեկ րոպե լռությամբ:

Ժողովրդին ուղղված իր ուղերձում նախագահ Վիկտոր Յանուկովիչը նշել է, որ այս հանցագործությունը մեկընդմիշտ փոխել է Ուկրաինայի ժողովրդի պատմության ընթացքը:

Գոլոդոմորը ԽՍՀՄ եւ ՈւԽՍՀ ղեկավարության կողմից կազմակերպված միջոցառում էր, որը հանգեցրել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարավի հիմնականում գյուղական բնակչության զանգվածային մահվան: Պաշտոնական տվյալներով Գոլոդոմորի զոհ է դարձել մոտ 9 մլն, ոչ պաշտոնական տվյալներով` մինչեւ 13 մլն ուկրաինացի: Այն դեպքում, երբ  Երկրորդ համաշխարհայինի ժամանակ  զոհվել էր  5 մլն մարդ:

2010թ. Կիեւի Վերաքննիչ դատարանը խորհրդային յոթ ղեկավարների մեղավոր է ճանաչել Գոլոդոմորի` ուկրաինացիների ցեղասպանության կազմակերպման մեջ: Նրանց թվում են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը եւ այլք:

Ուկրաինայում Գոլոդոմորի կազմակերպման փաստը ճանաչել է աշխարհի ավելի քան հարյուր պետություն եւ միջազգային մի շարք կազմակերպություններ: