Չինաստանի հարավում նոյեմբերի 24-ին հանքավայրի փլուզման հետեւանքով 18 հանքագործ զոհվել է, հինգը մնացել է հողի տակ։

Միջադեպը տեղի է ունեցել Լյուպանշույ քաղաքում (Հույչժոու նահանգ)։ Փլուզման պահին հանքում 28 հանքագործ է եղել, որոնցից հինգին հաջողվել է հանել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Xinhua-ին։

Միջադեպի հանգամանքները պարզվում են, ենթադրվում է, որ հանքավայրում գազի պայթյուն է տեղի ունեցել։

Հարկ է նշել, որ ՉԺՀ-ում ածխարդյունահանման ոլորտում բանվորներն առավել հաճախ են զոհվում, քան որեւէ այլ երկրում։ Միայն նախորդ տարի հանքավայրի միջադեպերի զոհ է դարձել 1973 մարդ։  Իշխանությունները հանքերում անվտանգության բարձրացման աշխատանքներ են տանում։