Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումն այդ երկրի օմբուդսմենի հետ, Ռամիլ Սաֆարովի գործով, հետաձգվել է հաջորդ շաբաթ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:

Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն այն տեղի չէր ունեցել Հունգարիայի օմբուդսմենի երկրից բացակայելու պատճառով:

Նիկողոս Հակոբյանի խոսքով, Բունգարիայի մարդու իրավունքների պաշտպանին են փոխանցվել բոլոր փաստաթղթերը: «Նա ուսումնասիրում է նյութերը եւ ցանկանում է իմանալ մեր կարծիքն այդ գործի առնչությամբ»,-նշեց Հակոբյանը:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի օմբուդսմենը դատական գործընթաց նախաձեռնի Սաֆարովի արտահանձնման օրինականության հետ կապված: Մեր հանդիպման արդյունքում պարզ կդառնա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Եթե օմբուդսմենը այլ որոշում կայացնի, այդ դեպքում հայ համայնքի ներկայացուցիչներն իրենք կդիմեն դատարան»,-նշել է Նիկողոս Հակոբյանը:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատ էին արձակել, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Սաֆարովի գործի հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավասու մարմիններին, այս դեպքում` արդարադատության նախարարությանը հրահանգել էր ձեռնարկել բոլոր միջոցառումները դատական միջազգային ատյաններ դիմելու համար:

Տեղի ունեցածի հետ կապված Հայաստան է այցելել հունգար մտավորականության ներկայացուցիչներից կազմված խումբը, որպեսզի անձամբ հայտարարեն, որ ամաչում են Հունգարիայի իշխանությունների արարքի համար: