Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները հաստատել են, որ նոյեմբերի 27-ին տեղի կունենա պաղեստինյան առաջնորդ Յասիր Արաֆաթի մարմնի արտաշիրմումը։
Պաղեստինական հետախուզության նախկին պետ Թաուֆիք Թիրավին հայտնել է, որ գերեզմանը բացելուց հետո Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից ժամանած փորձագետները հյուսվածքների նմուշներ կվերցնեն փորձաքննության համար։
Այնուհետեւ մասնագետների ամեն մի խումբ իր անկախ հետազոտությունը կանցկացնի, իսկ Արաֆաթի մնացորդները նույն օրը կվերաթաղվեն զինվորական բոլոր պատիվներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Յասիր Արաֆաթը մահացել է 2004թ. նոյեմբերի 11-ին Փարիզի հիվանդանոցում, 75 տարեկան հասակում։ Մահվան պաշտոնական պատճառ է նշվել կաթվածը։ Մի քանի տարի անց ֆրանսիական ոստիկանությունն սկսել է հետաքննությունը, որի նպատակը մահվան իրական պատճառի բացահայտումն է։
Արաֆաթի մահվան մասին տարբեր ասեկոսեներ են շրջում. մի մասը կարծում է, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ էր, մյուսներն անկեղծ հավատում են, որ պաղեստինցիների առաջնորդին թունավորել են իսրայելցի գործակալները։




























