Ադրբեջանում սկսել են հետապնդել Ռուսաստանի ադրբեջանցիների «Ազերռոս» ազգային մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիխովին: Նրան հետապնդելու պատճառը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ նրա ունեցած հանդիպումն է:
Հիշեցնենք, որ հայկական եւ ադրբեջանական ազգային կառույցների հանդիպման նպատակը Ռուսաստանում ապրող երկու ազգերի ներկայացուցիչների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելն է եղել:
Ադրբեջանցի ազգայնականների զայրույթը հատկապես շարժել է այն փաստը, որ նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Աբրահամյանի եւ Սադիխովի հանդիպումը, որի ժամանակ երկու կառույցները համատեղ հայտարարություն են ընդունել:
Փաստաթղթում կողմերն ընդգծել են, որ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակում, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Այդ խնդրի լուծումն անկասկած մեր պատմական հայրենիքների իշխանությունների եւ ժողովուրդների առաջնահերթությունն է»:
Այդ հանդիպումներից, առավել եւս հայտարարության ստորագրումից հետո, ադրբեջանական մամուլում հրապարակումների մի ողջ շարք է հայտնվել, որտեղ «մերկացնում են» Սադիխովին: Որոշ լրատվամիջոցներ հասել են նրան, որ Սադիխովին մեղադրում են դավաճանության մեջ:
Այսպիսով, հերթական անգամ հաստատվում է ադրբեջանական կողմի դիրքորոշման «հանդուրժողականությունն» ու «կառուցողականությունը»:





























