Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ենթադրում է, որ ԱԺ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստի տապալման պատճառով Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը հիմնավորված չէ: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, հավելելով, որ չի կարդացել նրանց հիմնավորումները: «Ես, որեւէ հիմքեր չեմ տեսնում»,- ավելացրեց Դավիթ Հարությունյանը:
Ավելի վաղ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ՀԱԿ-ն Ազգային ժողովի նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստի տապալման պատճառով դիմելու է Սահմանադրական դատարան եւ դիմումն էլ արդեն պատրաստ է: «Դիմումն արդեն պատրաստ է եւ դեռ մյուս քաղաքական ուժերի հետ քննարկումներ ենք անցկացնում, որ միանան ստորագրությանը: Շատ լավ հիմնավոր դիմում է»,- ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն հավաքել:




























