Իռլանդական Irish Daily Star թերթի գլխավոր խմբագիր Մայքլ Օ’Քեյնը որոշել է ազատվել աշխատանքից՝ Քեմբրիջի հերցոգուհի Քեթրինի թոփլես լուսանկարների հրապարակման հետ կապված սկանդալից հետո:

«2012 թվականի սեպտեմբերի 15-ին լուսանկարների հրապարակումից հետո Independent Star Limited ընկերության բաժնետերերն առարկություններով են հանդես եկել: Իրավիճակը քննարկվել է Օ’Քեյնի հետ եւ նա հեռացել է գլխավոր խմբագրի պաշտոնից, նրա որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,-ասված է թերթի ղեկավարության կողմից տարածված հայտարարության մեջ, գրում է Irish Examiner-ը:

Լուսանկարները, որտեղ արքայազն Ուիլյամի 30-ամյա կինը թոփլես արեւայրուք է ընդունում լողավազանի մոտ, Ֆրանսիայում հանգստի ժամանակ, թերթում հրապարակվել է սեպտեմբերի 15-ին: Դրանից հետո O’Քեյնը հեռացվել է աշխատանքից մինչեւ ներկորպորատիվ քննության ավարտը:

Ավելի վաղ մեդիա մագնատ Ռիչարդ Դեսմոնդը, որի Northern and Shell ընկերությունը Independent Star Limited-ի հետ համատեղ տնօրինում է դուբլինյան Irish Daily Star թերթը, հնարավոր է, փակի թերթը:

Նշենք, որ հերցոգուհու թոփլես լուսանկարների հրապարակումը դատապարտել է բրիտանացի արքայական պալատը: