ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով 1 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի՝ դեռեւս մեկ շաբաթ առաջ նախատեսված վիրահատությունը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերոբ Բոզոյանը, ով գտնվում է Քանաքեռի ուռուցքաբանական կենտրոնում:
Խոսելով վիրահատության հետաձգման պատճառների մասին, նա ասաց, որ իր մոտ առաջացած ստամոքսի խոցերը բացվել են: «Հիմա դա են բուժում: Երկուշաբթի սպասում ենք հետազոտության արդյուքներին, եթե պատասխանը դրական լինի՝ նոր կվիրահատվեմ: Առաջինը երեւի միզապարկը հեռացնեն»,- ավելացրեց Սերոբ Բոզոյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:Վերջինս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման:





























