Մեքսիկայի հյուսիսային Չիուաուա նահանգում 19 դիակ է հայտնաբերվել: Ըստ իշխանությունների ` երեք գերեզմաններում 11 տղամարդու մարմինների մնացորդները հայտնաբերվել էին Թեքսասի սահմանից ոչ հեռու` ավազաբլուրների մեջ: Ենթադրվում է, որ տղամարդիկ սպանվել են երկու տարի առաջ` թմրակարտելների միջեւ պայքարի ընթացքում:
Եւս ութ կիսամերկ, այլանդակված մարմիններ հայտնաբերվել են Ռոսալես քաղաքից ոչ հեռու: Մարմիններին քննիչները հայտնաբերել են այրվածքների եւ բռնության հետքեր: Դրանք եղել են 20-30 տարեկան տղամարդիկ, որոնք, հավանաբար, առեւանգվել են նոյեմբերի 23-ին եւ սպանվել խոշտանգումներից հետո, հայտնում է «lenta.ru»-ն:
2006 թ. Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը թմրակարտելների դեմ պայքարը հռչակել էր իր գլխավոր նպատակներից մեկը: Այդ օրվանից ի վեր թմրաբարոնների հակամարտության հետեւանքով երկրում զոհվել է 60 հազար մարդ:





























