Եգիպտոսում նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների ընթացքում դեռահաս է զոհվել, 60 մարդ վիրավորվել է:
Միջադեպը տեղի է ունեցել «Մահմեդական եղբայրներ» կուսակցության գրասենյակի մոտ, որի կողմնակիցներից էր 15-ամյա զոհը: Դեռահասի մավան պատճառները չեն ճշտվում: Ըստ որոշ տվյալների` նրա գլխին հարվածել են ծանր առարկայով, հայտնում է gazeta.ru-ն:
Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների բախումները արդեն քանի օր է չեն դադարում: Ընդդիմությանը զայրացրել էր նախորդ շաբաթ հրապարակված սահմանադրական հայտարարագիրը, ըստ որի` պետության ղեկավարն օժտվում է օրենսդիր բացառիկ լիազորություններով, իսկ դատական մարմինները չեն կարող բողոքարկել նրա որոշումները: Ընդդիմադիրները Մուրսիին «նոր փարավոն» եւ «նոր Հոսնի Մուբարաք» են անվանել` նրան մեղադրելով հեղափոխության նպատակների դավաճանության մեջ:
«Ռոսբալտը» հայտնում է, որ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հանդես է եկել հրամանագրին աջակցող հայտարարությամբ: Նա ընդգծել է, որ դա ժամանակավոր միջոց է:
Հայտարարության մեջ ասվում է, որ Մուրսին պատրաստ է աշխատել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ` Եգիպտոսի նոր սահմանադրության նախագծի շուրջ համաձայնության հասնելու համար:
Ավելի վաղ Եգիպտոսի դատավորների գերագույն կոլեգիան որոշում էր կայացրել երկրի ամբողջ տարածքում դադարեցնել դատավորների եւ դատախազների գործունեությունը` ի նշան նախագահ Մուրսիի հրապարակած նոր Սահմանադրական հայտարարագրի դեմ բողոքի: Նիստին նաեւ հայտարարվել էր գործադուլի մասին, որը հաջորդ չորեքշաբթի օրվանից կսկսեն անցկացնել Եգիպտոսի դատական հատվածի ներկայացուցիչները:





























