Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախագահը մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության` Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերիի, ընդլայնված ձեւաչափով` երկրի խարհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկատիի հետ: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Հայաստանի նախագահը կայցելի Անթիլիաս, կհանդիպի Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Սերժ Սարգսյանը կայցելի Հայկազյան համալսարան, որտեղ կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի, ինչպես նաեւ Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս XIX պատրիարքին: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է փաստաթղթերի ստորագրման արարողություն, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ համագործակցության ամրապնդմանը:
Նշենք, լիբանանահայ համայնքը բաղկացած է ավելի քան 100 հազար մարդուց եւ աշխարհում ամենակազմակերպվածներից մեկն է: Հայերը հիմնականում բնակվում են Լիբանանի մայրաքաղաքում, նաեւ` Մեթն եւ Զահլե շրջաններում: Լիբանանահայերի մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է: Լիբանանի կառավարությունում հայ համայնքը նախարարական երկու պորտֆել ունի: Խորհրդարանում այն ներկայացված է վեց պատգամավորով:





























