Գոհաբանության օրվա առիթով Նյու Յորքում տեղի ունեցած շքերթում հանդիսատեսների վրա կոնֆետի պես թափվել են ամերիկյան ոստիկանության գաղտնի կտրտված փաստաթղթերը: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ «կոնֆետներում» նշված են եղել Նյու Յորքի նահանգի շրջաններից մեկի իրավապահ մարմինների աշխատակիցների սոցիալական ապահովագրության համարները, ինչպես նաեւ նրանց բանկային տվյալները:
Անսովոր կոնֆետները բացահայտել էր շքերթի մասնակից Իթան Ֆինքելսթեյն անունով ուսանողը: Նա պատմել է, որ այդպիսի թղթերից մեկն ենկել է իր ընկերոջ բաճկոնին, այնտեղ նշված է եղել ինչ-որ մեկի սոցիալական ապահովագրության համարը: Այնուհետեւ նրանք հայտնաբերել են հեռախոսահամարներով, հասցեներով, մեքենայի համարներով եւ նույնիսկ ոստիկանկան զեկույցներից հատվածներով կոնֆետներ:
Ըստ լրատվամիջոցների` փաստաթղթերը հորիզոնական են կտրտված եղել, այդ պատճառով էլ տեքստն ընթեռնելի էր: Որոշ կոնֆետների վրա նշված են եղել ոստիկանական խուզարկուների անունները եւ ծննդյան թվերը:
Շրջանային ոստիկանության ներկայացուցիչը լուրջ մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ եւ նշել, որ արդեն քննում են, թե ինչպես են նման փաստաթղթերը հայտնվել շքերթում` որպես կոնֆետ, հաղորդում է vesti.ru-ն:
Աշխարհի խոշորագույն հանրախանութներից մեկի` շքերթի գլխավոր հովանավոր Macy`s-ի ղեկավարությունը հայտարարել է, որ խանութը ոչ մի կապ չունի տվյալ միջադեպի հետ:





























