Հանգստյան օրերին ռուսական Կոպեյսկ քաղաքի №6 գաղութում ցույց է տեղի ունեցել: Մարզի Պատժի իրագործման դաշնային ծառայության գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Իվան Միշանինը նոյեմբերի 26-ին հայտնել է, որ գաղութի բանտարկյալները դադարեցրել են նոյեմբերի 24-ին սկսած բողոքի ցույցը: լրատվամիջոցները փորձում են պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: 

Նոյեմբերի 24-ին Գլխավոր վարչությունը հայտնել էր, որ №6 գաղութի 250 բանտարկյալներ բողոքի ցույց էին սկսել եւ ռեժիմի մեղմացման ապօրինի պահանջներ առաջադրել: Ավելի ուշ գաղութի մոտ էին հավաքվել դատապարտյալների հարազատները, որոնց մեծ մասը մի քանի ժամ անց հեռացել էին: Հարբած վիճակում գտնվող մնացած երիտասարդները  սկսել էին պահակների վրա շշեր նետել, նշում են ոստիկանությունում: Գաղութի մոտ հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին 38 մարդու: ՕՄՈՆ-ի ութ մարտիկ վիրավորվել էր:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ ավելի վաղ համացանցում լուր էր հայտնվել, որ իբր գաղութից դիահերձարաններ դիակներ են տարվում, իսկ որոշ բանտարկյալների էլ իբր հաջողվել էր փախչել սպանդանոցից: Հաղորդվում էր, որ ակցիայի մասնակցները բարձրացել են  դիտաշտարակ եւ փակցրել «Մարդիկ, օգնեք» պաստառը:

Ըստ իրավապաշտպանների` նոյեմբերի 24-ին գաղութի մոտ 300 մարդ է հավաքվել` բողոքողներին աջակցելու համար:  ՆԳՆ-ում հայտարարել էին, որ  դրանք հարբած սադրիչներ են եղել, սակայն  Gulagu.net նախագծի համակարգող Օկսանա Տրուֆանովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ դրանք  եղել են «մայրեր, քույրեր, կանայք, մանկահասակ երեխաներ, որոնք նույնպես տուժել են»:
Վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ իրավիճակը կայուն է եւ վերահսկողության տակ: Դատապարտյալների նկատմամբ ուժային գործողություններ չեն կիրառվել:

Հարավուրալյան մարդու իրավունքների պաշտպան Ալեքսեյ Սեւաստյանովը գաղութում կատարվածի իր վարկածն է հրապարակել: Ըստ նրա` հուզումների պատճառներից մեկը եղել է բանտարկյալ Գեորգի Դ.-ի ծեծի մասին լուրը:  Միաժամանակ բժշկական փորձաքննությունը չի հաստատել ծեծի փաստը, դատապարտյալն էլ է հերքել բանտապահների կողմից բռնությունը: