ՀԱՄԱՍ խմբավորումը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության հասցրած վնասը` 1,245 միլիարդ դոլար:
Մամուլի ասուլիսում այդ մասին պատմել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Թահեր ան Նունը: Ըստ նրա` Իսրայելի օդային հարձակումների ժամանակ ավերվել է 200 բնակելի տուն, եւս ութ հազարը վնասվել է:
Հրթիռներն ամբողջովին ոչնչացրել են 42 անբնակ շինություն, այդ թվում՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության շենքը, երեք մզկիթ եւ բժշկական կենտրոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ճշտված տվյալների` օդային հարձակումների զոհ է դարձել 166 մարդ: Եւս 1,2 հազար վիրավորվել են:
Հիշեցնենք, ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ Իսրայելի գործողությունը սկսվել էր նոյեմբերի 14-ին: Հրթիռային փոխադարձ հրետակոծությունները շարունակվել են շուրջ մեկ շաբաթ: Կողմերը հրադադարի մասին պայմանավորվածության են հասել նոյեմբերի 21-ին Կահիրեում:





























