Ջազային հայտնի երաժիշտ Մարկուս Միլլերը եւ նրա խումբը Շվեյցարիայում վթարի են ենթարկվել:

Ավտոբուսը շրջվելու հետեւանքով զոհվել է վարորդը, եւս 12 մարդ, այդ թվում՝ երաժիշտները եւ երկրորդ վարորդը, ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածները գտնվում են հիվանդանոցում, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: 

Ավտոբուսը կողքի է շրջվել մայրուղու կենտրոնի բետոնե բաժանարարին բախվելուց հետո: Ըստ նախնական տվյալների` այլ մեքենաներ վթարին չեն մասնակցել, հաղորդում է ՆՏՎ-ն:

Մարկուս Միլլերը ջազային հայտնի երաժիշտ է, երգահան եւ պրոդյուսեր: Նա առաջին հերթին հայտնի է որպես բաս կիթառահար, որն աշխատել է այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Մայլզ Դեւիսը, Էրիկ Քլեփթոնը եւ Լյութեր Վանդրոսը: Նա Գրեմիի մրցանակակիր է դարձել ժամանակակից ջազի լավագույն ալբոմի համար: