Մոսկվայի կառավարությունը որոշել է կարգավորել մայրաքաղաքում աշխատավոր ներգաղթյալների բնակության կարգը՝ նրանց համար վարձով բնակության համալիր ստեղծելով:

Սխեմայի համաձայն՝ մինչեւ 2016 թ. ՌԴ-ի Մոսկվա քաղաքի տարածքում ժամանակավորապես բնակվող արտասահմանյան քաղաքացիների  եւ առանց քաղաքացիության անձանց համար կկառուցվեն 11 հյուրանոցներ: Նման եւս վեց հյուրանոց  կկառուցվի մինչեւ 2025 թ.:

Հիմնականում այնտեղ կլինեն վեցտեղանի համարներ: Ամենատարողունակ հյուրանոցները կկառուցվեն արդյունաբերական գոտիներում: Այսպես, «Դեգունինո-Լիխոբորի» արդյունաբերական գոտում կկառուցեն այդպիսի 3,3 հազար տեղանոց առաջին հյուրանոց- հանրակացարանը:

Ըստ ամենահամեստ հաշվարկների` Մոսկվայում 900 հազար աշխատավոր ներգաղթյալներից 200 հազարն ապրում են բնակության համար անհարմար կացարաններում: 17 հատուկ հյուրանոցներն օրինական կացարան կարող են ապահովել մոսկովյան եկվորների միայն փոքր մասին, գրում է pravda.ru-ն: