Ռուսական նավահանգիստներում ցորենի պակաս դեռեւս չի զգացվում: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հայկական «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը: «Մենք ռուսական շուկայում աշխատում ենք արդեն երկար ժամանակ, ուստի առաջարկի պակաս չենք զգում»,-ասաց նա:

Նշենք, որ ռուսական «Ռուսագրոտրանս» տրանսպորտային ընկերության գնահատմամբ, ցորենի արտահանումը 2012 թվականի դեկտեմբերին կկազմի 0,5-0,6 տոննա, իսկ նոյեմբերի արդյունքներով՝ 1,3 մլն տոննա:

Դեկտեմբերին նվազում է կանխատեսում նաեւ Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչեւսկին: Բացի այդ, Նովոռոսիյսկում աճել են ցորենի գները. Եթե սեպտեմբերի սկզբին «Ռուսագրոտրանսի» տվյալներով, 4-րդ կարգի ցորենը այստեղ արժեր 317 դոլար՝ մեկ տոննայի դիմաց, ապա ներկայումս այն հասել է 355 դոլարի:

Այդուհանդերձ, ըստ Գուրգեն Նիկողոսյանի, Ազովի եւ Եյսկի նավահանգիստներում ցորենը կարելի է ձեռք բերել ավելի էժան: «Ազովում 3-րդ կարգի ցորենը կարելի է գնել 330-335 դոլարով: Նովոռոսիյսկում գներն, ընդհանուր առմամբ, բարձր են, բայց այնտեղ 20 հազարանոց խոշոր բարժաներ բեռնելն անհրաժեշտություն չէ:

Մեր նման փոքր շուկան կարելի է սպասարկել 3-5-հազարանոց նավերով»,-պարզաբանեց նա:

Հարցին, թե կարո՞ղ է սեւծովյան գների վրա ազդել Ուկրաինայից հացահատիկի արտահանման արգելքը, Նիկողոսյանը պատասխանեց, որ Հայաստանն այսպես, թե այնպես, Ուկրաինայից ցորեն չի գնում: «Մենք սովոր ենք ցորենի որակը որոշել ռուսական ԳՕՍՏ-երով, որոնք կարող են չհամապատասխանել Ուկրաինայում մշակված ստանդարտների համակարգի հետ»,-ամփոփեց Նիկողոսյանը:

Նշենք, որ բարձրակարգ ալյուրի 50-կգ-անոց պարկը Հայաստանում հունիսին արժեր 25 դոլար, հիմա՝ 33,2 դոլար: