ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ավելորդ է համարում Pussy Riot-ի անդամների բանտում մնալը: Այդ մասին Ֆրանսիա կատարելիք այցի նախաշեմին նա ասել է լրատվամիջոցներին: Ռուսաստանի վարչապետը նաեւ ընդգծել է, որ դա իր անձնական դիրքորոշումն է. Ինչքան գործադիր իշխանությունը հեռու լինի դատականից, այնքան Ռուսաստանում դատարանն ուժեղ կլինի:
Միաժամանակ Մեդվեդեւն ասել է, որ երբեք աղջիկներին ազատելու կոչ չի արել՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ դա իր «անձնական դիրքորոշումն է»:
Մեդվեդեւը հարցը, թե կարող է արդյոք իշխանությունն ազդել դատարանի վրա, վերահասցեավորել է ֆրանսիական լրագրողներին. «Իսկ Ֆրանսիայում կարո՞ղ է»: «Սկզբունքորեն՝ ոչ», - պատասխանել են նրան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Մեզ մոտ էլ՝ սկզբունքորեն ոչ», - ամփոփել է Մեդվեդեւը:
Հիշեցնենք, փետրվարի վերջին Pussy Riot խմբի հինգ աղջիկ եկել էին Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճար եւ դիմակներ հագած փանք աղոթք էին արել` «Աստվածամայր, վռնդիր Պուտինին» խոսքերով: Տեահոլովակը տեղադրվել էր համացանցում եւ մեծ իրարանցում առաջացրել: Ոստիկանությունը բռնել էր ակցիայի երեք մասնակիցներին` Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին, որոնց Մոսկվայի Խամովնիկի դատարանը օգոտոսի 17-ին խուլիգանության համար դատապարտել էր երկու տարվա գաղութի: Հոկտեմբերի 10-ին Մոսպետդատարանը Սամուցեւիչի ժամկետը փոխարինել էր պայմանական ժամկետով:




























