ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ X-Tech նորարարական ստուդիան այսօր հրավիրել էին
մամուլի ասուլիս ՝ ներկայացնելու Թբիլիսիում վերջերս կայացած «Վրաստանյան ՏՏ նորարարության» GITI 2012 համաժողովին հայաստանյան պատվիրակության ձեռքբերումները: Համաժողովին բիզնեսի եւ պետական ոլորտներում ներկայացված տասնչորս անվանակարգերից Հայաստանից մասնակցող բարձր տեխնոլոգիաների ընկերություններն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համապատասխանաբար արժանացել են հինգ եւ երկու մրցանակների:
Մասնավորապես, հայաստանյան պատվիրակությունն արժանացել է
. X-Tech ստուդիայի CityBugs ծրագիրն արժանացել է երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն ինտեգրատոր» եւ «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգերում,
. E-Agro-ն մրցանակի է արժանացել «Բիզնեսի համալիր լուծումներ» անվանակարգում,
. Innovative Greenhouse-ը մրցանակի է արժանացել «Բիզնեսը բիզնեսին՝ լավագույն լուծում» անվանակարգում,
. Instigate-ը մրցանակի է արժանացել «Լավագույն ՏՏ կրթություն» անվանակարգում՝ Գորիսի վերապատրաստման կենտրոնի իր նախագծով,
. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մրցանակներ է շահել բիզնես նախագծի ճիշտ ուղղորդմանը նպաստած «ՏՏ հաջողված նորարարության» եւ «Լավագույն տեղեկատվական ռեսուրս» անվանակարգերում:
Համաժողովի շրջանակում, հայաստանյան պատվիրակությունը տասնմեկ պրեզենտացիաներ է ներկայացրել եւ նոյեմբերի 15-17-ին GITI ցուցահանդեսի հայկական անկյունում ներկայացրել բարձր-տեխնոլոգիական իր լուծումները:
Համաձայնություններ են ձեռք բերվել այս տարի ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվելիք «Առանց փողկապների հանդիպմանը» վրացի գործընկերների մասնակցության վերաբերյալ: Բացի այդ, Instigate ճարտարագիտական ընկերությունը ներկայացրել է իր նորաբաց մասնաճյուղը Թբիլիսիում:
Վրաստանում կայացած համաժողովին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը համակարգել էր ԻՏՁՄ-ն՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ, որը սատարում է հայաստանյան ՏՏ ընկերությունների արտահանման կարողությունների զարգացմանը եւ նպաստում նրանց գործնական հմտությունների կատարելագործմանը բիզնես հաղորդակցության, մարքեթինգի եւ վաճառքի ոլորտներում:
2008 թ. իր մեկնարկից ի վեր՝ GITI համաժողովը մրցունակությունը եւ նորարարությունը խթանելու համար նպատակ ունի նպաստել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, բալթյան, ինչպես նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ՏՏ ընկերությունների, ասոցիացիաների եւ կառավարությունների ներկայացուցիչների միջեւ գործարար կապերի ընդլայնմանը եւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Համաժողովը կազմակերպում են Վրաստանի ՏՀՏ բիզնես խորհրդն ու Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների փոխանակման LEPL գործակալությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























