ԱՄՆ-ի կառավարությունը նախատեսում է Աֆղանստանում 2014 թ. զորքը հանելուց հետո տասը հազարանոց զինվորական կազմ թողնել:
2014 թ.-ի վերջին նախատեսվում է Քաբուլին փոխանցել երկրում անվտանգության ապահովման պատասխանատվությունը եւ այնտեղից դուրս բերել ամերիկյան զորքերի հիմնական մասը: Սակայն Աֆղանստանում հետագա ռազմական ներկայության համար Վաշինգտոնին անհրաժեշտ է նախագահ Համիդ Քարզայի համաձայնությունը, հաղորդում է «Մայակը»:
Ներկայումս կողմերի միջեւ արդեն տարվում են անվտանգության հարցերի շուրջ երկկողմ համաձայնության կնքման բանակցություններ: Ըստ լրատվամիջոցների` աֆղանական առաջնորդը պատրաստ է համաձայնել ամերիկյան զորքերի ներկայությունը երկրում, սակայն մի շարք պահանջների կատարման դեպքում:
Մինչդեռ ռազմական որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Աֆղանստանում կայունության պահպանման համար ԱՄՆ-ին կպահանջվի ավելի էական ռազմական ներուժ` առնվազն 30 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Աֆղանստանոմ 2001թ. ռազմական գործողության սկսվելուց ի վեր զոհվել է անվտանգության աժակցության ուժերի շուրջ երեք հազար զինծառայող: Ներկայումս երկրում գտնվում է 66 հազար ամերիկյան զինվոր եւ սպա:





























