Չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ  Հայաստանն ու Ռուսաստանը չկարողանան պայմանավորվել, եւ երբեք չեն եղել: Մենք միշտ էլ պայմանավորվել ենք: Այդ մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե, համաձայն լրատվամիջոցների, Հայաստանն ու Ռուսաստանն առայժմ չեն կարողանում գազի գնի վերաբերյալ  պայմանավորվածության հասնել:

«Տվյալ դեպքում եւս հիմնական սկզբունքներով համաձայնության հասել ենք, մնում են տեխնիկական մանրամասներ, որոնք պետք է ավարտին հասցնել», - ասել է նա:

Վարչապետը նշել է, որ բանակցային գործընթացում այս կամ այն դրույթները հանրության դատին ներկայացնելը ճիշտ չէ:

 «Ուստի երբ ավարտենք բանակցային գործընթացը, ամեն ինչ պարզ կլինի», - ասել է նա եւ հավելել, որ դա տեղի կունենա շատ շուտով: «Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ կավարտենք բանակցությունները», - ասել է Տ. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին` կփոխվեն արդյոք ռուսական գազի մատակարարման գները, Տիգրան Սարգսյանը նշել է, որ գները կփոխվեն համաշխարհային իրավիճակը հաշվի առնելով:   «Պայմանավորվող կողմերը պետք է համաձայնության հասնեն գների որոշման մեթոդիկայի վերաբերյալ: Այդ դեպքում ապագայում փոփոխություններն ավելի հանգիստ կընդունվեն», - նշել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի բնակիչների մտավախություններին, թե հաջորդ տարվանից գազի գները ներքին շուկայում կբարձրանան, Տ. Սարգսյանը խորհուրդ է տվել սպասել: «Չեմ ցանկանում հոռետեսական ազդակներ ուղարկել մեր հանրությանը», - ասել է նա: