Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները շատ ուժեղ հարված են Հայաստանի տնտեսությանը, քանի որ այն համաշխարհային շուկա ելքի երկու հնարավորություն ունի՝ Վրաստանով եւ Իրանով: Այդ մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը զգացե՞լ է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքները:
«Միջազգային պատժամիջոցները զրոյի են հավասարեցնում Իրանի հետ աշխատելու մեր հնարավորությունը, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումները: Դա Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծում...»,- ասել է նա: Տ. Սարգսյանի խոսքով՝ այդ հարցերը մշտապես շոշոափվում են ԵՄ-ի, ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի հետ բանակցություններում:
Խոսելով Իրանից Հայաստան երկաթուղու եւ նավթամուղի շինարարության մասին՝ վարչապետը հայտնել է, որ ենթակառուցվածքային այս երկու լուրջ նախագծերի իրագործման նպատակահարմարության մասին հուշագրեր են ստորագրվել:
«Երկաթուղու մասով մենք համաձայնագիր ենք ստորագրել օպերատորի հետ, որն այժմ Հայաստանի տարածքում այդ ծրագրի ֆինանսավորման համար անհատ նեդրողներ է փնտրում... Նավթամուղի հարցով այժմ աշխատում ենք տեխնիկական առաջադրանքի, այդ նախագծի արժեքի, ժամկետների եւ այլնի ուղղությամբ: Այդ երկու նախագծերը գտնվում են հայ-իրանական հարաբերությունների օրակարգում», - ասել է նա:
Ինչ վերաբերում է իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը եւ նրան, թե ինչպես են Երեւանում ընկալում Իրանի վրա Իսրայելի եւ ԱՄՆ-ի հնարավոր հարձակման խոսակցությունները, Տ. Սարգսյանը նշել է, որ դա շատ վատ կանդրադառնա եւ տարածաշրջանի, եւ այն երկրների իրադրության վրա, որոնք Իրանի անմիջական հարեւաններն են:
«Դա կարող է իրադարձությունների բացասական շղթա առաջացնել, որոնք հետագայում շատ դժվար կլինի կանգնեցնելը եւ որոնք կարող են աղետալի լինել: Մեր դիրքորոշումը հետեւյալն է`մենք կողմնակից ենք բոլոր հարցերը բանակցային գործընթացի շրջանակում լուծելուն», - նշել է նա:




























