2013թ. նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանին» առավել ձեռնտու է չմասնակցելը եւ կուսակցության կայացման վրա կենտրոնանալը: Այսօր՝ նոյեմբերի 26-ին լրագրողներին նման տեսակետ է հայտնել Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Իմ պատկերացմամբ, ընդգծում եմ՝ անձամբ իմ, կուսակցությունը պետք է քաղաքական կայացման լուրջ փուլ անցնի: Հարկավոր է աշխատանք տանել ներկուսակցական կառույցների հետ, քաղաքական փորձառություն ձեռք բերել: Կուսակցության բռնած քաղաքական այլընտրանքի ուղղությունը նոր է եւ փորձ է պահանջում», – հավելել է Հարությունյանը:
«Այդ պատճառով ամենատրամաբանական որոշումը կլիներ հայտարարել հաջորդ՝ 2018 թ. ընտրություններին առաջադրվելու մասին: Կրկնում եմ, դա իմ կարծիքն է, որը ես չեմ ցանկանում որպես խորհուրդ ներկայացնել», – նշել է քաղաքական գործիչը:
Անդրադառնալով ԲՀ-ի հետ Հայ ազգային կոնգրեսի դաշինքի հարցին` Հարությունյանը նկատել է, որ այդ մասին խոսելն իմաստ չունի, եթե ՀԱԿ-ի նպատակը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին: «Կասկածում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» իր բոլոր ռեսուրսները ներդնի, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հերթական հաջողությունը կամ անհաջողությունը գրանցի», – եզրակացրել է Խոսրով Հարությունյանը:





























