ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է Ավստրալիայի միջազգային զարգացման գործակալության եւ Միջազգային օգնության եւ առեւտրի դեպարտամենտի հետ համագործակցության մասին, որի նպատակը Հայաստան փախած սիրիահայերին օգնություն հատկացնելն է:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի վերին պալատի անդամ Ուոլթ Սեքորդը նույնպես հանդես է եկել Սիրիայի հայ համայնքին աջակցելու եւ Ավստրալիայի կառավարության կողմից օգնություն տրամադրելու օգտին:
«Ես գիտեմ, որ Ավստրալիայի հայերը մտահոգված են Սիրիայում ապրող հայերի համար: Ես մտովի նրանց հետ եմ, ես աջակցում եմ Ավստրալիայի կառավարության ջանքերը՝ փախստականներին 24,5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու հարցում»,-հայտարարել է նա:
Իր հերթին, ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը նույնպես հայտարարել է, որ իրենք աշխատում են երկրի կառավարության հետ, որպեսզի այդ գումարն ուղարկվի Հայաստանի գերատեսչություններին, որոնք զբաղվում են Հայաստան ժամանած սիրիահայերին օգնություն հատկացնելու հարցերով:




























