Տաջիկստանում մի շարք պրովայդերներ փակել են Facebook սոցցանցի հասանելիությունը՝ հանրապետության կառավարության կապի ծառայության բանավոր կարգադրությամբ: Արգելափակման պատճառը առայժմ չի բացատրվում, հայտնում է Asia-Plus-ը՝ վկայակոչելով համացանցային ծառայություններ տրամադրող ընկերություններից մեկին:
Ըստ աղբյուրի` նոյեմբերի 25-ի երեկոյան գերատեսչությունը պրովայդերներին եւ բջջային օպերատորներին sms-հաղորդագրություն է ուղարկել Facebook-ն արգելափակելու պահանջով: Ընկերություններից շատերը կատարել են պահանջը հենց նույն երեկոյան: Մինչդեռ Տաջիկստանի խոշորագույն պրովայդերները, որոնց շարքում են Saturn-Online-ը եւ Telecomm Technology-ն, որոնք սպասարկում են հանրապետության օգտվողների գրեթե կեսին, չեն կատարել գերատեսչության պահանջը` համապատասխան փաստաթղթի բացակայության պատճառով, հայտնում է «polit.ru»-ն:
Սա արդեն Facebook-ի երկրորդ արգելափակումն է մեկ տարվա ընթացքում: Մարտի 3-ին Կապի ծառայությունը պրովայդերներից պահանջել էր արգելափակել ոչ միայն սոցկայքի, այլեւ Zvezda.ru, Tjknews.com եւ Maxala.org կայքերի հասանելիությունը: Արդեն մեկ շաբաթ անց Facebook-ի հասանելիությունը վերականգնվել էր, սակայն մնացած կայքերը շարունակվում են արգելափակված մնալ մինչեւ այժմ:
Ըստ Socialbakers.com կայքի տվյալների` Տաջիկստանում Facebook-ից օգտվում է ավելի քան 41 հազար մարդ (ընդհանուր բնակչության 0,55%-ը եւ համացանցից օգտվողների 5,87%-ը):




























