Հայաստանն արդեն երկու տարի է, ինչ միացել է հաշմանդամների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոնվենցիային, սակայն դրա իրականացման ուղղությամբ շատ համեստ քայլեր են արված: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է հաշմանդամների խնդիրներով` նրանց անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելով:
ՀԿ ներկայացուցչի խոսքով` ներկայումս ԵՄ աջակցությամբ իրականացվում է «Ամեն ինչ մեզ համար եւ մեզ հետ» ծրագիրը, որն ուղղված է ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: «Հայաստանը երկու տարի առաջ միացել է նշված կոնվենցիային` պարտավորվելով նաեւ համապատասխանեցնել օրենսդրությունը կոնվենցիայի պահանջներին: Սակայն խնդիրները շատ դանդաղ տեմպերով են լուծվում»,-նշեց զրուցակիցը:
Ըստ Լ. Սարգսյանի` անցկացված հետազոտություն արդյունքները ցույց են տալիս, որ ինչպես հաշմանդամները, այնպես էլ պետական մարմինները հիմնական խնդիրները նշում են սոցիալական, առողջապահության, քաղաքաշինական ոլորտներում, այսինքն, հաշմանդամենրը չեն կարող գնալ սրճարան, խանութ եւ թատրոն:
Ըստ տվյալների` մոտ 12% -ը խնդիրների է բախվել հաշմանդամությունը որոշող հաձնաժողովի հետ, մոտ 35% -ը նշել է նրա անդամների անբարյացակամ վերաբերմունքը, կեսից մի փոքր քիչ մասը նշել է գործի քննության ձգձգումը կամ իրենցից գումար պահանջելը: «Պետական մարմինների նկատմամբ վստահությունը նույնպես բարձր չէ: Ավելի շատ ՀԿ-ներին են վստահում»,-արձանագրեց Լ. Սարգսյանը:
Ծրագրի շրջանակում գործում է անվճար իրավական օգնության թեժ գիծ` 0 80001311: Ծրագիրն իրականացվում է չորս մարզում` Լոռի, Շիրակ, Գեղարքունիք եւ Արագածոտն: Նա տեղեկացրեց նաեւ, որ հայտարարվել է հաշմանդամների պատմությունների մրցույթ, ովքեր հաջողության են հասել կամքի ուժի շնորհիվ: Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամության միջազգային օրը:



























