ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռոբերտ Բրատկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 19-26-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել:
«Երեւանում համանախագահները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանի, Բաքվում` նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 21-ին եւ 22-ին համանախագահներն այցելել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել են դե ֆակտո իշխանությունների հետ եւ այցելել Զանգելանի եւ Ջաբրայիլի շրջաններ, որպեսզի «գնահատեն իրադրությունն այդ տարածքներում՝ նախորդ՝ 2010 թ. հոկտեմբերի այցից հետո»:
«Համանախագահները նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ քննարկել են օգոստոսին եւ սեպտեմբերին արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ առանձին հանդիպումների արդյունքները, ինչպես նաեւ խաղաղ գործընթացի շարունակման գաղափարները, որոնք հոկտեմբերի 27-ի համատեղ հանդիպման ընթացքում նրանք ներկայացրել էին նախարարներին: Կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը արտգործնախարարների մակարդակով»,- ասվում է հայտարարության մեջ:
Միջնորդները նաեւ շնորհակալություն են հայտնել Անջեյ Կասպշիկին եւ նրա թիմին` հրադադարի ռեժիմի դիտարկմանն ուղղված ջանքերի եւ տարածաշրջան իրենց այցը հեշտացնելու համար, մասնավորապես` Զանգելանի եւ Ջաբրայիլի շրջաններ»,- ասվում է հայտարարության մեջ:





























