Նախագահական ընտրություններում մասնակցության ձեւաչափի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն կանի նոյեմբերի վերջին, ամենաուշը` դեկտեմբերի սկզբին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է հայտարարելու որոշման մասին` հայտարարություն է տարածելո՞ւ, թե՞ արտահերթ համագումար է հրավիրվելու, Իվետա Տոնոյանն ասաց. «Միանշանակ կլինի քաղխորհրդի նիստ, իսկ համագումարի կազմակերպման վերաբերյալ, որեւէ հստակ տեղեկություն այս պահին չկա»:

Իվետա Տոնոյանը արձագանքելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն կարծիքին, թե  2013թ. նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանին» առավել ձեռնտու է չմասնակցելը եւ կուսակցության կայացման վրա կենտրոնանալը, ասաց. «Խոսրով Հարությունյանը կարծիք է արտահայտել, որը գոյության իրավունք ունի, բայց նախագահական ընտրություններում մասնակցության ձեւաչափի վերաբերյալ որոշում կայացնում է  բացառապես ԲՀԿ-ն: Խորհուրդներ տալը այս դեպքում անշնորհակալ նախաձեռնություն է»: