Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Շիրակի մարզում բանկոմատների կողոպտման դեպքերի վերաբերյալ: Նոյեմբերի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին  է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը  եւ  հայտնել, որ նոյեմբերի 23-ի ժամը 18.00-ից  մինչեւ նոյեմբերի 26-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող  բանկոմատի սենյակի դուռը բացելով եւ բանկոմատը վնասելով` գողացել են 1 մլն 854 հազար դրամ: Կատարվում է նախաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 26-ին, ժամը 10.00-ին,  ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով եւ բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000  դրամ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր գիշերը Շիրակի մարզում բանկոմատներ են թալանվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ` դրանք Ախուրյանում եւ Գյումրիի բանկոմատներն են եղել: Տեղեկությունը հաստատել էին նաեւ ոստիկանությունից: