Նորվեգիայում առաջին անգամ հանրությանը ցուցադրել են 2011թ. հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկի կազմակերպած պայթյունի տեսագրությունը, որն արձանագրել են հսկող տեսախցիկները:
Ժապավենում երեւում է՝ ինչպես է ահաբեկիչը մեքենան կայանում կառավարության շենքի մոտ եւ արագ հեռանում, հաջորդում է սարսափելի պայթյունը: Ցնցող կադրերը ցուցադրել է NRK ընկերությունը, գրում է ntv.ru-ն:
«Վզգլյադը» հայտնում է, որ երկրի խորհրդարանում միաժամանակ շարունակվում են Բրեյվիկի ահաբեկչությունների գործով լսումները: Պատգամավորները լսում են նախարարներին, որոնք պատասխանատու էին երկրում անվտանգության համար, սակայն չէին կարողացել կանխել ողբերգությունը: Լսումներին ելույթ կունենա նաեւ Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլթենբերգը: Երկրի պատմության մեջ նախկինում երբեք կառավարության գործող ղեկավարը բացատրություն չի տվել պատգամավորներին:
Անդերս Բրեյվիկը պայթյունը կազմակեպել էր Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո սպանդ էր կազմակերպել Ութոյա կղզու երիտասարդական ճամբարում: Երկու ահաբեկչությունների զոհ էր դարձել 77 մարդ, 151-ը վիրավորվել էին: Բրեյվիկն իր չարագործությունների համար 21 տարվա ազատազրկման է ենթարկվել: Այժմ նորվեգացի ահաբեկիչն ուղղիչ հաստատությունից բազմաթիվ բողոքներ է գրում բանտի պայմանների վերաբերյալ:











