«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի հիմքը մնացել է նույնը, բայց փոխվել են շատ դետալներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կանանց իրավունքների կենտրոնի» տնօրեն Սուսաննա Վարդանյանը:

«Քանի որ Հայաստանում հասարարակական կազմակերպությունները չեն կարող հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը տրվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որի միջոցով՝ նաեւ Կառավարությանը»,-ասաց Վարդանյանը: Նրա խոսքով, նախագծի վրա աշխատանքը տեւել է 2 տարի: Հաշվի են առնվել միջազգային փորձը, Հայաստանի պայմաններում օրենքի հարմարեցման հնարավորությունները: Օրինագիծը քննարկվել է այդ ոլորտի տարբեր մասնագետների հետ, այդ թվում Մարդու իրավունքների վարշավյան ինստիտուտի կողմից:

«Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի գենդերային խնդիրներով: Օրինագիծը քննարկվել է նաեւ Եվրոպայի խորհրդում: Վերջնական տեսքով օրինագիծը վարչապետի սեղանին կլինի այս տարվա դեկտեմբերի 10-ին»,-նշեց Կենտրոնի տնօրենը:

Անդրադառնալով հայաստանյան ընտանիքներում բռնության վերաբերյալ վիճակագրությանը, Սուսաննա Վարդանյանը ներկայացրել անկախ սոցիոլոգիական կենտրոնի 2007 թվականի տվյալները, որոնց համաձայն, Հայաստանում կանանց 39 տոկոսը բռնության է ենթարկվում ընտանիքում, նրանցից 12 տոկոսը՝ ծանր ֆիզիկական, 5 տոկոսը՝ սեռական, իսկ մնացածը՝ հոգեբանական բռնության: