ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը միջազգային իրավունքի դիրքերից միանգամայն անընդունելի է համարում Սիրիայի հարցով Ֆրանսիայի դիրքորոշումը, որը Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան առաջինն էր ճանաչել որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
Ֆրանսիա այցի նախաշեմին AFP-ի եւ «Le Figaro»-ի հետ զրույցում Մեդվեդեւը հիշեցրել է, որ ոչ մի կողմ որեւէ այլ երկրում քաղաքական վարչակարգի բռնի փոփոխություն չպետք է ձեռնարկի: Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը:
Խոսելով ռուսական զենքի մատակարարումների մասին` Մեդվեդեւն ընդգծել է, որ Ռուսաստանը Սիրիա զենք է մատակարարում արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար, գործող պայմանագրերի համաձայն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին սիրիական ընդդիմադիրները Քաթարի մայրաքաղաք Դոհայում համաձայնագիր էին ստորագրել Միացյալ ազգային կոալիցիայի եւ հեղափոխական ուժերի ստեղծման մասին: Որոշ պետություններ այն արդեն ճանաչել են սիրիական ժողովրդի միակ օրինական կառավարություն: Դա բարկացրել էր Մոսկվային, Պեկինին եւ Թեհրանին:




























