«Ավանդական կրթական համակարգն իր կառուցվածքով` այսինքն դասը որպես ուսուցման միջոց, մնում է դաս։ Միայն համակարգիչով դասավանդելու խնդիր այսօր դրված չէ, երեխան պետք է շփվի իր ուսուցչի հետ, ուսուցիչը` երեխայի հետ: Իսկ տեխնոլոգիաների շնորհիվ կրթական գործընթացը հագեցված է լինում ինտերակտիվ մեթոդներով, այն պետք է դիտարկել որպես հարուստ եւ շատ կարևոր դիտակտիկ նյութ»,- NEWS.am -Ինովացիա-ի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, տեղեկատվական տեխնոլոգիաները՝ իրենց բազմաթիվ հնարավորություններով, տարբեր առարկաների դեպքում, օրինակ` կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի առանձին լաբորատորիայի դեր են կատարում, եւ գործնական պարապմունքների ընթացքում բավական կարեւոր է դրանք օգտագործելը:

Ըստ Ն. Հովհաննիսյանի` առաջիկա երկու տարում բոլոր դպրոցները համակարգչային սենյակներ կունենան: Արդեն իսկ 48 ավագ դպրոցներում Համաշխարհային բանկի եւ պետական միջոցների հաշվին գոյություն ունեն համակարգչային սենյակներ եւ ինտերնետ կապ:

Տկն. Հովհաննիսյանի տեղեկացմամբ` այսօր կառավարություն է ուղարկվել «Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ձեռքբերման մասին» հայեցակարգը, որը կրտսեր դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցչի հնարավորություն կտա՝ իր առարկայի ընթացքում երեխաներին որոշակի հմտությունների վարժեցնել:

Ինչ վերաբերում է, թե քանի դպրոցներում են էլեկտրոնային գրատախտակներ կիրառվում, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը ասաց. «Այդ մասին ոչինչ չգիտեմ, ԿՏԱԿ (Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն)- ում այնքան շատ նյութ կարող եք ստանալ»: