Այս տարի դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Կոմպաս Բենդ» պատանեկան խումբը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ համաեվրոպական մրցույթի հաղթողը որոշվում է եվրոպացի հեռուստադիտողների քվեարկությունների արդյունքում, չափազանց կարեւոր է սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվությունն ու աջակցությունը:
«Կոմպաս Բենդի» ճանաչելիությունը ապահովելու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը տարբեր երկրների հայ համայնքների հետ կապ է հաստատում տեսաժողովների միջոցով:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հերթական անգամ հեռաակոնֆերանս ձեւաչափով կապ հաստատվեց Բելգիայի, Շվեդիայի, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Բելգիայից պատանի երաժիշտներին ողջունեցին «Նուարդ» մշակութային բարեգործական միության ներկայացուցիչները՝ նշելով, որ իրենց կողմից հավանության է արժանացել այս տարվա երգը եւ ջանք չեն խնայելու, որպեսզի ավանդույթի համաձայն, Բելգիան Հայաստանին շատ միավորներ տվող երկրների ցանկում առաջատարը լինի:
Շվեդիայի հայկական միությունների համակադրող կենտրոնի ներկայացուցիչները մեծ ոգեւորությամբ ողջունեցին երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ հայկական խումբը հաղթելու է:
Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հերթական ժողովի մասնակիցները հայ փոքրիկ երգիչներին ոգեւորեցին հայրենասիրական երգերով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ երիտասարդներին հորդորեց հայ փոքրիկների երգը տարածել իրենց ընկերների ու հասակակիցների շրջանում, ակտիվություն ցուցաբերել համացանցում եւ քվեարկել Հայաստանի հերթական հաղթանակի օգտին: Նախարարը, դիմելով «Կոմպաս Բենդի» փոքրիկ երաժիշտներին, ասաց. «Ծանր պարտականություն եք վերցրել ձեր ուսերին՝ ներկայացնել Հայաստանը, հայությանը, բայց ես գիտեմ, որ ձեր ուսերը փխրուն չեն: Աշխարհի 10 միլիոն հայությունը ձեր կողքին է: Հիշեք, որ նրանց համար եք երգելու: Ես վստահ եմ, որ դուք հաջողություն կունենաք»:
Նախարարը աջակցության ու մեծ ոգեւորության համար շնորհակալություն հայտնեց տեսակոնֆերանսի մասնակիցներին, իսկ փոքրիկ երաժիշտներին հաջողություն եւ հաղթանակ մաղթեց:





























