«Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2013-15 թ.թ. ներդրումային ծրագիրը: Նախագիծը հրապարակված է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

Ներդրումային ծրագիրն, ընդհանուր առմամբ, կազմում է 26.4 մլրդ դրամ, որից 2013 թ.` 9.7 մլրդ դրամ, 2014 թ.` 8.4 մլրդ դրամ, 2015 թ.` 8.3 մլրդ դրամ:

Այսպիսով` 2013 թ. ներդրումային ծրագիրը զգալիորեն գերազանցում է 2012 թ. ներդրումային ծրագրին (8.2 մլրդ դրամ):

Ինչպես եւ նախորդ տարի` ներդրումների ամենամեծ չափաբաժինն ուղղվելու է նոր սպառողներին ցանցին միացնելու աշխատանքների համար` 4.2 մլրդ դրամ, 2012 թ.` 3.5 մլրդ դրամի համեմատ: 2013 թ. ներդրումների աճը պայմանավորված է Թեղուտի լեռնամետալուրգիական գործարանի սնուցման աշխատանքներով:

2013-15 թ. զգալի ներդրումներ կիրականացվեն  բաշխիչ ցանցերի վերակառուցման նպատակով` տարեկան 3-4 մլրդ դրամի սահմաններում:

Առաջիկա 3 տարիներին կփոխվի տարեկան մոտ 13.1 հազ. էլեկտրաէներգիայի հաշվիչ, այդ նպատակով տարեկան հատկացվելու է 250 մլն դրամ:

«Հայկական էլեկտրացանցերը» նախատեսում է գնել 21 նոր մարդատար մեքենա` ծախսելով 690 մլն դրամ: Մեքենաները կտրամադրվեն ընկերության ինժեներական անձնակազմին: