Երեւանյան Լճի տարածքում վերջին 6 ամիսների ընթացքում  մարմնավաճառների թվի կտրուկ նվազում է նկատվում: NEWS.am-ի թղթակիցն այցելեց Երեւանյան լճի տարածք` պարզելու, թե ո՞րն է պատճառը եւ, ո՞ւր են մարմնավաճառները:

Հիշեցնենք, որ մարմնավաճառությամբ զբաղվելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ: Նրանք իրենց գործունեության համար պատժվում են միայն վարչական տուգանքով: Իսկ  օրենքի վերջին փոփոխությունները պարզվում է ազդել են նաեւ մարմնավաճառների գրպանի վրա: Եթե մարմնավաճառությամբ զբաղվելու համար նրանք հայտնաբերվելու դեպքում վճարում էին 2 հազար դրամ, ապա վերջին ամիսներին վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությունից հետո առաջին անգամ տուգանվում են 20 հազար դրամով, իսկ կրկնվելու դեպքում` 40 հազար դրամով: Եվ ահա օրենքի այս փոփոխությունն է պատճառ հանդիսացել, որ Երեւանյան Լճի տարածքում մարմնավաճառների թվի կտրուկ նվազում նկատվի: Բայց դա միայն արտաքուստ:Մեր այցելության ընթացքում մենք տարածքում կանգնած, ոչ մի մարմնավաճառի չհանդիպեցինք, բայց մեքենան կանգնեցնելու պես հարակից մեքենաներից դուրս եկան մարմնավաճառուհիները եւ մոտեցան մեզ: Հարցին, թե ո՞րն է մարմնավաճառների թվի նվազման պատճառը, նրանք արձագանքեցին.  «Չեն նվազել, այստեղ են»: Դիտարկմանը, թե նախկինի պես շատ չեն, քանի որ չենք նկատում, ասացին. «Մինչեւ մեքենայից մեր դուրս գալը մեզ էլ չէիք նկատել, մի մասը այստեղ է, մյուս մասն էլ գործի մեջ»,- նշեցին մարմնավաճառուհիները, սակայն հրաժարվեցին խոսել գների մասին` պատճառաբանելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է: Մարմնավաճառներից մեկն էլ ակնարկեց, որ իրենց ծառայություները միջինը 20 հազար դրամ է: Նրանք բացատրեցին, որ գինը պայմանավորված է ժամերի եւ ծառայության պահանջներից: Բայց խոստովանեցին, որ որոշ մարմնավաճառներ գների թանկացումից  հետո, այլ միջոցով են հաճախորդների հետ պայմանավորվում: Հարցին, թե իրենք արդյո՞ք դժգոհ չեն տուգանքի տասնապատիկ թանկացումից, նրանցից մեկը արձագանքեց. «Դե ինչ իմանամ, այ, ցավդ տանեմ: Եթե պետությունը այդպես է գտնում, մենք ինչ ենք անելու, ուրեմն այդպես է ճիշտ»:

Դիտարկմանը, թե այդքան գումար վաստակում են, որ այդքան տուգանք են վճարում ասաց. «Դե, երեւի, էլի: Մեր ծախսերը, որ դրանով ավարտվեին, լավ կլիներ: Մենք տաքսու գումար ենք տալիս, բուժման գումար եւ այլն: Բայց էլի գալիս, գին են գցում»: Ի դեպ, մարմնավաճառուհիները մեքենաներին առանձին գումար են վճարում, որ կանգնեն ոչ թե փողոցում, այլ նստեն մեքենայի մեջ եւ, երբ հաճախորդները մոտենան, նոր դուրս գան պայմանավորվելու: Այդ կերպ եւ ձմռանը չեն մրսում, համ էլ տուգանքներից են խուսափում: Հետեւաբար` դա է գլխավոր պատճառը, որ նրանք Երեւանյան լճի մոտակայքում չեն նկատվում:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ 2012 թ. 9 ամսում վարչական պատասխանատվության է ենթարկվել դրսում ծառայություն մատուցող 232 մարմնավաճառ: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին նաեւ, որ ոստիկանությունը պարբերաբար իրականացրել է հասարակական կարգի պահպանության միջոցառումներ, որի մեջ մտնում է նրանց հավաքագրելը: Ինչպես նաեւ տեղեկացրեցին, որ 2012 թ. 9 ամսում վարչական պատասխանատվության է ենթարկվել 232 փողոցային մարմնավաճառ: Ոստիկանությունից նաեւ տեղեկացրեցին, որ փողոցում նրանց նկատելու դեպքում պարբերաբար հավաքագրում են, տուգանում եւ բժշկական փորձաքննության ենթարկում, որպեսզի նրանք հաճախորդներին վեներական հիվանդություններով չվարակեն:  Իսկ, եթե հանկարծ հիվանդություն է հայտնաբերվում, պարտավորվում են բուժվել: Հարցին, թե ինչ հաճախականությամբ են նրանց հավաքագրում ոստիկանությունից պատասխանեցին. «Փողոցում նրանց նկատելու դեպքում ամեն օր էլ կարող են հավաքագրել, սակայն եթե տեսնում են, որ նրանք նախորդ օրը ստուգում են անցել, կոնկրետ նրանց բերման չեն ենթարկում»,- փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: