Ֆլորիդա նահանգի բնակչուհի Աննա Գուտյերեսը ձերբակալվել է հանգստանալիս լամանտին հեծնելու համար: 53-ամյա կնոջը տարել են ոստիկանական բաժանմունք:
Պարզվել է, որ երկու ամիս առաջ ծովում լողալիս նա ոչ միայն շոյել է մարդամոտ լամանտիններին, այլեւ հեծնել է այսպես կոչված ծովային կովերից մեկին: Չնայած որ կենդանուն վնաս չի հասցվել, մոտերքում գտնվող կենդանիների պաշտպաններին դա շատ է զայրացրել:
Նրանք լուսանկարել են կնոջը լամանտինի վրա եւ փաստերը տարել ոստիկանություն:
Ծովային խոշոր կաթնասունները 1967թ.-ից ընդգրկված են Ֆլորիդա նահանգի հատուկ պահպանվող կենդանիների ցանկում, մարդկանց անգամ արգելվում է նրանց դիպչել, հայտնում է NEWSru.com-ը:
Գուտյերեսը ճաղերի հետեւում մի քանի ժամ է մնացել, հետո նրան 1500 դոլար գրավի դիմաց ազատել են: Այժմ նրան դատ է սպասվում, որտեղ կարող է 500 դոլար տուգանքից մինչեւ 2 ամսվա կալանքի դատապարտվել:





























