Բրիտանական «Daily Mail»-ը մեծ հոդված է հրապարակել Ալիեւների կլանի եւ Մեծ Բրիտանիայում նրանց կապերի մասին:
«Ոչ ոք չգիտի, թե ինչպես հսկայական նավթային հարստությունը հայտնվեց 50-ամյա նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի կամ նրա շքախմբի անդամների հաշիվների վրա: Սակայն ճիշտ կլինի ասել, որ նրանք անհավանական հարուստ են»,-գրում է թերթը:
Հեղինակը մանրամասնորեն անդրադառնում է Ալիեւի դստեր` Լեյլայի կապերին, ով հաստատվել է Մեծ Բրիտանիայում ամուսնու հետ եւ շքեղ երեկոներ է կազմակերպում ազդեցիկ անձանց, այդ թվում` արքայազն Էնդրյուի մասնակցությամբ: Ուշադրության կենտրոնում նաեւ Ալիեւի 11-ամյա որդին` Հեյդարն է, ով 9 առանձնատան սեփականտեր է եւ ունի 28 մլն ֆունտ:
Թերթին սակայն հատկապես հետաքրքրել են բրիտանացի պաշտոնյաների հետ կապերը: Այսպես, օրինակ, Թոնի Բլերին, ըստ լուրերի, միայն 90 հազ. ֆունտ են վճարել` Բաքվում 2009 թ. այցի ժամանակ 20-րոպեանոց ելույթի համար: Առանձնահատուկ թանկարժեք հյուրերից է արքայազն Էնդրյուն, ով վեց տարվա ընթացում ութ անգամ այցելել է Ադրբեջան:
Սակայն, եթե Բաքվի գռեհիկ պարծենկոտությունը մաքուր զավեշտ է, ռեժիմի մութ կողմերը հեռու են կատակ լինելուց, արձանագրում է պարբերականը` հիշեցնելով երկու քաղաքացիների, լրագրողների նկատմամբ ճնշումների մասին, ովքեր համարձակվում են քննադատել ռեժիմին: «Սարսափելի Բաքվում կան բազմաթիվ լրագրողներ եւ ակտիվիստներ, որոնց հանցագործությունը միայն այն է, որ նրանք լրագրող, ակտիվիստ կամ բլոգեր են»:
Սակայն, ըստ հեղինակը, Ադրբեջանը կարծես արեւմտյան աշխարհի նկատմամբ «ածխաջրածնային իշախանություն» է ստացել եւ «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն գործնականում փակում է աչքերը մարդու իրավունքների խախտումների վրա»: Հնարավոր է, դրանում կա իմաստ: Ալիեւը, հնարավոր է, բռանպետ է, բայց նա բրիտանամետ բռնապետ է, եզրակացնում է պարբերականը:




























