Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է վարել խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված քաղաքականություն. մենք բացառում ենք ԼՂ խնդրի լուծման ուժային տարբերակը եւ հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ հարցը բանակցային ճանապարհով լուծելու մեր հանձնառությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Բեյրութում, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ցավոք, հարեւան Ադրբեջանն անտեսում է Մինսկի խմբի վստահության կառուցմանն ուղղված բոլոր առաջարկները, շարունակում սպառազինությունների աննախադեպ կուտակումը եւ իր ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի: Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Սաֆարովի ներումն ու հերոսացումը դրա լավագույն ապացույցն էին: Սա էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն է, այլատյացության եւ ռասիզմի ցցուն օրինակ:

Հայերն ու լիբանանցիները միշտ առանձնացել են իրենց խաղաղասիրությամբ: Այսօր էլ պարոն Սուլեյմանի հետ համակարծիք էինք, որ ժողովուրդների կամքն արտահայտող փոփոխությունները պետք է իրագործվեն խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, առանց զոհերի, առանց ահաբեկչության։ Մենք խոր ցավով ընդունեցինք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության լուրը եւ շտապեցինք խստիվ դատապարտել նման ստոր արարքը, որը, հուսով ենք, չի սասանի Լիբանանի խաղաղությունը: Մերձավոր Արեւելքում առկա իրադրությունը մեծապես շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ: Մենք խորապես շահագրգռված ենք առկա խնդիրների շուտափույթ հաղթահարմամբ եւ պատրաստակամ մեր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ գործին»,- իր խոսքում ընդգծել է Հայաստանի նախագահը: