Ղազախստանի քաղաքացի Բայրամ Ազիզովը, ում երկու օր պահել են Բաքվի օդանավակայանում, մտադիր չէ տեղի ունեցածի առնչությամբ որեւէ գործողություն ձեռնարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշել է ինքը՝ Ազիզովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվի օդանավակայանում անձնագրային վերահսկողության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել «Բիլայն Ղազախստան» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Բայրամ Ազիզովին մտել երկիր, քանի որ նրա անձնագրում Երեւանի օդանավակայանի կնիք է եղել:
Սկանդալային պատմությունը հայտնի է դարձել Twitter-ում Ազիզովի հրապարակումներից: Բայրամ Ազիզովը ստիպված է եղել օդանավում անցկացնել շուրջ երկու օր՝ առանց որեւէ օգնության, որից հետո նրան արտաքսել են հայրենիք:
«Ինձ ուղեկցեցին տարանցիկ գոտի եւ խլեցին անձնագիրս: Նրանք հրաժարվեցին կերակրել ինձ: Ադրբեջան էի մեկնել մի քանի օրով, սակայն պարզվեց, որ միայն մի քանի ժամով: Ինձ առաջին անգամ արտաքսում են երկրից»,-գրել է Ազիզովը:
Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների գործողությունները թելադրված են եղել նրանով, որ երիտասարդի անձնագրում Հայաստան մուտք գործելու կնիք է եղել:
Հարցին, թե ադրբեջանական կողմը ներողություն խնդրե՞լ է միջադեպի համար, անձամբ իրեն կամ Ղազախստանի դեսպանատան միջոցով, Ազիզովը պատասխանել է, որ դեսպանատան մասով ավելի ճիշտ կլինի նրանց հարցնել: Թեեւ նման միջադեպին, նա հույս ունի, որ մի օր կկարողանա այցելել Ադրբեջան: «Ինձ դուր են գալիս կովկասյան երկրները: Ես շատ եմ ճանապարհորդել Վրաստանում: Կմեկնեմ նաեւ Ադրբեջան, բայց կարծում եմ, որ դա շուտ չի լինի»,-ասել է նա:
Անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, նա նախընտրեց չմեկնաբանել տեղի ունեցածը: «Ես մեծացել եմ կոսմոպոլիտների ընտանիքում եւ բոլոր ազգերին ու կրոններին մեծ հարգանքով եմ վերաբերում»,-ընդգծել է Բայրամ Ազիզովը, հավելելով, որ չի ցանկանում ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ:





























